Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում և այլն:
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փաստաթղթով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի երրորդ երկրներն այդ համակարգին միանան: Համաձայնագիրը կիրառվելու է, երբ ապրանքները տարանցիկ փոխադրվեն ԵԱՏՄ և համակարգի կողմ հանդիսացող երկրների տարածքով: «Ընդ որում՝ ներկայումս՝ տարանցիկ փոխադրման ժամանակ, յուրաքանչյուր կողմի տարածքում ներկայացվում է տարանցման մաքսային հայտարարագիր՝ սահմանված ձևաչափով, այսինքն՝ ԵԱՏՄ ձևաչափով և համապատասխան երկրի ձևաչափով: Այս միասնական տարանցման համակարգը թույլ է տալու մաքսային տարանցման հայտարարագիրը ներկայացնել 1 անգամ: Այսինքն՝ արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտները մեկ անգամ են հանդիպելու այդ գործընթացին, և դա ճանաչվելու է ԵԱՏՄ-ի և համապատասխան երկրների միջև»,- ասել է ՊԵԿ նախագահը:
ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեությունը հիմնվելու է 5 հիմնական կարգավորումների վրա, որոնք միտված են առևտրի դյուրինացմանը և արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեության հեշտացմանը:
Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ առանցքային մաքսային ընթացակարգերը ևս տեղի կունենան մեկ անգամ փոխճանաչվելու միջոցով, որը կդյուրինացնի արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեությունը և մաքսային մարմինների հետ առնչություն ունենալու ժամանակահատվածը: Այս համակարգին երրորդ երկրների միացումը հնարավոր է, եթե երրորդ երկիրն ընդունի ԵԱՏՄ ամբողջ օրենսդրության կամ իրավական ակտերի պահանջները: «Սրանով մեծանում է միության տարանցման պոտենցիալը և միության անդամների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցման պոտենցիալը: Բայց տարանցման պոտենցիալը ՀՀ-ի դեպքում կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, տվյալ դեպքում՝ Իրանը, միանան այս համակարգին. դա հնարավորություն կտա մաքսային ընթացակարգերը միասնականացնել, և մեկ անգամ Իրանում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա կճանաչվի ԵԱՏՄ համակարգում: Միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողներն այլևս երկու անգամ նույն պրոցեսներով անցնելու կարիք չեն ունենա, և սրանով առևտրի դյուրինացում կլինի ինչպես ԵԱՏՄ ամբողջ մասշտաբով արտաքին առևտրով զբաղվողների, այդպես էլ ՀՀ արտաքին առևտրով զբաղվողների համար»,- ասել է ՊԵԿ նախագահը: