Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026 19:58
Ալեքսանդր Ավանեսով

2026 գյուղատնտեսական տարում ապահովագրական վճարների գծով պարտավորությունների կատարմանը կուղղվի 1,1 մլրդ դրամ

2026 գյուղատնտեսական տարում ապահովագրական վճարների գծով պարտավորությունների կատարմանը կուղղվի 1,1 մլրդ դրամ

Արմինֆո.2026 գյուղատնտեսական տարում ապահովագրական վճարների գծով պարտավորությունների կատարմանը կուղղվի 1,1 մլրդ դրամ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել այդ գումարից 453,05 մլն դրամի հատկացմանը։

 

Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, 2026 թվականի համար ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրվել են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, սեխի, ձմերուկի, կարտոֆիլի, կեռասի,  ցորենի, գարու և վարսակի բերքը կարկուտի, հրդեհի, գարնանային ցրտահարության և երաշտի ռիսկերից: 2026 թվականին ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9 528 ապահովագրագիր, որոնց շրջանակներում ապահովագրավճարների համախառն գումարը կազմել է շուրջ 798,8 մլն դրամ, իսկ ապահովագրված այգիների և ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 10 928 հեկտար: Նշված ցուցանիշները վկայում են ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրական համակարգի ընդգրկման և կիրառման շարունակական ընդլայնման մասին:

 

Ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվում է գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսական օպերատորի կողմից ապահովագրավճարների մասնակի սուբսիդավորման միջոցով, ինչպես նաև նախատեսվում է ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված շեմից ավելի կատարված հատուցումների մի մասի փոխհատուցման համապատասխան մեխանիզմ:

 

2026 թվականի համար յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ստանում է նաև հատուցում ապահովագրական փոխհատուցումների այն մասի համար, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն ՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ 2026 թվականի համար կանխատեսվող ապահովագրական փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,7 մլրդ դրամ: Մասնավորապես, առաջին փուլում նախատեսվում է իրականացնել շուրջ 1,1 մլրդ դրամի ապահովագրական հատուցում բալի, կեռասի, ծիրանի և սալորի համար, իսկ երկրորդ փուլում՝ շուրջ 652 մլն դրամի փոխհատուցում մնացած մշակաբույսերի համար:

 

Ըստ ներկայացված հաշվարկների՝ 1.7 մլրդ դրամ ընդհանուր վնասի պայմաններում պետական աջակցության անհրաժեշտ գումարը կկազմի շուրջ 1.1 մլրդ դրամ: Առաջին փուլում նախատեսված շուրջ 1.1 մլրդ դրամի փոխհատուցումներից շուրջ 640 մլն դրամը պետք է ֆինանսավորվի ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ 453.05 մլն դրամի փոխհատուցում ապահովելու համար անհրաժեշտ են պետական սուբսիդիաներ: