Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026 15:01
Մարիաննա Մկրտչյան

Երևանում քննարկում են ԵՄ աջակցությամբ Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները

Երևանում քննարկում են ԵՄ աջակցությամբ Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները

Արմինֆո.  Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի ծառայությունը, միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի շարունակական բարեփոխումների գործնական իրականացմանը՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր բացման խոսքում կարևորել է Եվրոպական միության աջակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ընդգծելով էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, էներգիայի կուտակման համակարգերի կարգավորման և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համատեքստում։

 

«Մեզ համար հատկապես կարևոր է ապահովել, որ միջազգային լավագույն փորձը ոչ միայն ուսումնասիրվի, այլև համապատասխանեցվի Հայաստանի առանձնահատկություններին ու կարիքներին՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների գործնական և հետևողական իրականացումը։ Միաժամանակ, էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու դրանց արդյունավետ կարգավորումը կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգիայի ինտեգրման և էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի, հայաստանյան գրասենյակի մշտական փորձագետ Արմին Բյումը։ Նա կարևորել է ԵՄ-ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Հանձնաժողովի առանցքային դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների գործընթացում։ Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող փորձագիտական և տեխնիկական համագործակցությունը նպաստում է եվրոպական փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու էներգետիկ ոլորտի բարեփոխումների առաջմղմանը։

 

Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հունգարիայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների և ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում հունգարացի և միջազգային մասնագետները ներկայացնում են Հունգարիայի և Եվրամիության փորձը էլեկտրաէներգետիկայի շուկայի կարգավորման ու կառավարման տարբեր ուղղություններով՝ անդրադառնալով կիրառվող կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի պայմաններում դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։

 

Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, շուկայական գործառնությունների և հավասարակշռման մեխանիզմների, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի կարգավորման, էներգետիկայի ոլորտի ինստիտուցիոնալ կազմակերպման և կարողությունների զարգացման, կարգավորիչ պահանջների կատարման ապահովման, էներգետիկայի և մրցակցության պաշտպանության մարմինների միջև համագործակցության, սպառողների պաշտպանության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ծագման երաշխիքների համակարգի վերաբերյալ հարցեր։

 

Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակում։