Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 18:09
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ոչ ռեզիդենտների միջոցների զգալի մասի պահպանումը կարելի է դիտարկել որպես բանկերի կողմից տրամադրվող ծառայությունների որակի անուղղակի վկայություն. ԿԲ ղեկավար

Հայաստանում ոչ ռեզիդենտների միջոցների զգալի մասի պահպանումը կարելի է դիտարկել որպես բանկերի կողմից տրամադրվող ծառայությունների որակի անուղղակի վկայություն. ԿԲ ղեկավար

Արմինֆո. Բանկային համակարգում, հիմնականում, 2022 թվականից կուտակված միջոցները ստացվել են ոչ ռեզիդենտներից, և դրանց մեծ մասը դեռևս Հայաստանում է։ Այս մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ "Հետք" հետազոտական ռեսուրսի հետ հարցազրույցում։

 

"Այսինքն, եթե սա դիտարկում ենք որպես որակի ցուցանիշ, ապա պետք է հասկանալ, որ կան երկրներ, որոնք նման ծառայություններ առաջարկում են, և ոչ ռեզիդենտները կարող էին ընտրել այլ երկրներ, սակայն,  նրանց ընտրությունը կանգ է առել Հայաստանի բանկային համակարգի վրա, և դրանում կա որակի որոշակի բաղադրիչ։ Բայց որակը և ռիսկերի կառավարումը պետք է համադրվեն: Մասնավորապես, բանկերի կողմից լուրջ ներդրումներ են կատարվել կոմպլաենսում, վարձակալվել են մեծ թիմեր, որոնք օգնում են բանկերին, որպեսզի այդ մեծ ներհոսքը չդառնա խնդիր՝ ուղեկցող խախտումներով, որոնք խոչընդոտեն պարտավորությունների կատարմանը", - նշել է նա։

 

Ընդհանուր առմամբ ԿԲ ղեկավարը նշել է, որ միշտ պետք է աշխատել ավելի բարձր որակի ապահովման ուղղությամբ՝ ինչպես պրոդուկտների ստեղծման, այնպես էլ քաղաքացիների համար խնայողությունների նոր հնարավորությունների համատեքստում: "Բայց ուզում եմ նշել, որ այս պահին ներդրումային ընկերությունների զարգացող շուկա կա։ Եվ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք կփորձենք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի խաղացողների այս երկու խմբերը՝ բանկերն ու ներդրումային ընկերությունները, մրցակցեն միմյանց հետ, ինչը, մեր պատկերացմամբ, կհանգեցնի որակապես նոր պրոդուկտների ի հայտ գալուն", - հավելել է ԿԲ ղեկավարը։

 

Հարցին, թե արդյոք գոհ է զարգացման տեմպերից, Գալստյանը պատասխանել է, որ Հայաստանի բանկային համակարգը գերկապիտալացված է եւ գերիրացվելի: "Բայց, ինչ վերաբերում է որակյալ պրոդուկտների տրամադրմանը և ճանաչելիության բարձրացմանը, այստեղ դեռ շատ աշխատանք կա անելու։ Սակայն արդեն կան բանկեր, որոնք հայտարարում են Լոնդոնում IPO անցկացնելու մտադրության մասին, ինչն ինքնին արդեն բավական լավ նորություն է", - ամփոփել է նա։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականին ռելոկանտների հսկայական ներհոսքը (հիմնականում ՌԴ-ից) Հայաստան՝ իրենց կապիտալների և բիզնեսի հետ միասին, այստեղ հաշիվների բացմամբ, բանկային քարտերի ձեռք բերմամբ և դրամական փոխանցումների իրականացմամբ, թույլ է տվել հայկական բանկերին ստանալ գերշահույթ, որը միայն 2022 թվականին աճել է 3 անգամ (գրեթե մինչև 700 մլն դոլար)։ Ընդ որում, այդ աճը բխել է անտոկոս եկամուտներից։ Մասնավորապես, զգալիորեն աճել է արտարժույթի առքուվաճառքից (6,3 անգամ), դրամական փոխանցումներից (2,1 անգամ) եւ քարտային գործառնություններից (41,2 տոկոսով) ստացված եկամուտը: Վերջիններիս առումով բանկերին հաջողվել է գերշահույթ ստանալ ոչ ռեզիդենտների համար սահմանված բարձր սակագների շնորհիվ, որոնք 5-10 անգամ գերազանցել են ռեզիդենտների նկատմամբ կիրառվող նշաձողերը: Դրամական փոխանցումներում բանկերը հավատարիմ են եղել նույնլշպիսի սակագնային քաղաքականության ոչ ռեզիդենտների նկատմամբ։ Իսկ արտարժույթի առքուվաճառքից բանկերն այն ժամանակ լուրջ գումարներ են վաստակել նույնպես ռելոկանտների շնորհիվ, որոնց գործողությունները Հայաստանի արժութային շուկայում բարձր անկայունություն էին ստեղծել՝ դրամի կտրուկ ամրապնդմամբ։ Մի կողմից, դա թույլ է տվել բանկերին ապահովել գերշահույթ, բայց մյուս կողմից՝ բացասաբար է ազդել տնտեսության սուբյեկտների վրա, ինչպես նաեւ հանգեցրել է անշարժ գույքի գների (հատկապես վարձակալության) կտրուկ աճի, ինչն, իր հերթին, սկսել է արագ նեղացնել հիփոթեքի աճի տեմպը, որը երկար ժամանակ հանդես է եկել որպես վարկային պորտֆելի ավելացման շարժիչ ուժ։

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2025 թ. տվյալներով, բանկային համակարգի զուտ շահույթը հաշվետու տարում գերազանցել է 1.1 մլրդ դոլարը, և հատկանշական է, որ այդ ցուցանիշի աճը դրանից դեռ մեկ տարի առաջ վերադարձել է բնական տեմպերին, սկսելով ապահովվել տոկոսային եկամուտներով, այսինքն՝ ակտիվ վարկավորման վերսկսման շնորհիվ։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 922 մլն դոլար՝ գրեթե 25 մլրդ դոլարի վարկային պորտֆելի դեպքում (տարեկան 24% աճ)։