
Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տեխնիկական համապատասխանեցման և հավաստագրման ծառայություններում մասնագիտացած համաշխարհային առաջատար «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ստան Զուրկևիչի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել COP17 համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և այդ համատեքստում համագործակցության հնարավոր հեռանկարներին: Մասնավորապես՝ քննարկվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկման, տեխնիկական զննության ծառայությունների որակի բարձրացման, ճանապարհային անվտանգության բարելավմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության էկոհամակարգի և ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների ձևաչափով հստակեցնել հնարավոր ծրագրային ուղղությունները՝ դրանց վերաբերյալ առարկայական համագործակցություն սկսելու նպատակով։
Նշենք, որ "ԴԵԿՐԱ" ընկերությունը գերմանական և միջազգային խոշորագույն կազմակերպություն է, որը մասնագիտացած է անկախ փորձաքննության, ավտոմեքենաների տեխնիկական զննության, արտադրանքի հավաստագրման, արդյունաբերական անվտանգության և աուդիտի ոլորտներում: Այն հիմնադրվել է 1925 թվին Բեռլինում եւ աշխատում է ավելի քան 50 երկրներում.