Արմինֆո.Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։
Առավել մանրամասն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ այսուհետեւ ՃՏՊ համար մեղավորները կարող են.
- ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
- արագ ազատել ճանապարհը եւ 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն նշում է, որ այս հնարավորությունը նպաստում է խցանումների նվազեցմանը, բարձրացնում է բոլորի անվտանգությունը և օգնում է խնայել ժամանակը։
«Խնդրում ենք նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ օգտվել այս գործառույթից։ Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։
Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար», - ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանում ԱՊՊԱ շուկայում եվրաարձանագրությամբ ապահովագրական պատահարների ձևակերպման համակարգը ներդրվել է 2016թ. մարտից՝ ի սկզբանե մինչև 50 հազար դրամի վնասի շեմով, հետագայում նույն տարվա սեպտեմբերին այն բարձրացել է մինչև 100 հազար դրամ: Դրան հաջորդել է 2020թ. օգոստոսից այդ շեմի հերթական բարձրացումը մինչև 200 հազար դրամ, իսկ ավելի ուշ ՝ 2024թ. սեպտեմբերի 18-ից այն բարձրացվել է մինչև 400 հազար դրամ ։