Արմինֆո. Հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։
Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։
Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։ Ի գործ», - գրել է նախարարը։
Նշենք, որ երեք ամիս հայկական կոնյակ արտադրողները և արտահանողները բախվում էին արհեստական խոչընդոտների, որոնք վրացական կողմը ստեղծում էր երրորդ երկրների շուկաներ կոնյակ մատակարարող հայ արտադրողների համար: Կոնյակով բեռնված տասնյակ հայկական բեռնատարներ շաբաթներ շարունակ կանգնած էին վրացական մաքսատանը։ Զննման ձգձգումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական մեծ վնասներ են կրել։ Հարցը մասամբ լուծվել է ընթացիկ տարվա հունիսի վերջին հայկական պատվիրակության Թբիլիսի կատարած այցից հետո։
Ինչպես այն ժամանակ հաղորդում էր ejc.am-ը, հղում անելով ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին, հայ-վրացական սահմանով հայկական կոնյակի արտահանման սահմանափակումները բավական "սովորական" բացատրություն ունեին: "Որոշ տվյալներով ՝ առանձին պաշտոնյաներ ցանկանում են որոշակի վերահսկողություն սահմանել հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ ։ Այսինքն, փոխարենը, որ հայ արտադրողներն իրենք Վրաստանի տարածքով կոնյակ արտահանեն Ռուսաստան, վրացիների կողմից վերահսկվող ընկերությունները գնեին այդ կոնյակը եւ վերաարտահանեին այն ՝ ստանալով որոշակի միջնորդավճար", - նշում էր այն ժամանակ Ֆանյանը։