Արմինֆո. Օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և, ինչպես ժողովուրդն է ասում, «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքին։
«Իհարկե, այս պարագայում ևս «փրկության է գալիս» սեփական մեղքը այս ու այն կողմ բարդելու անպատասխանատու առաջնորդությունը․«Մեղավոր են ծաղիկ մշակող գյուղացիները, որ չեն պահպանում սանիտարական կանոնները։ Մեղավոր է բնությունը, որ բերում է բնական արհավիրքներ։ Մեղավոր են ռուսական կամ վրացական կողմերը, որ չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորություները և այլն ․․․»։
Այս դեպքում՝ էլ ի՞նչ անի «խեղճ» կառավարությունը․ «Արտոնյալ վարկով օգնել է գյուղացուն, որ ջերմոց կառուցի։ Ինքնիշխան է, բայց միայն երկրի ներսում։ Սակայն երկրից դուրս ի՞նչ անի, որ հիմա չի կարողանում գործադրել միջազգային մեխանիզմները և լուծել պարբերաբար առաջացող՝ գյուղմթերքի արտահանման խնդիրները։ Իր տված սերտեֆիկատներին գործընկեր երկրները չեն վստահում, արտահանվող ծաղկի հայկական ծագմանը չեն հավատում, բանակցությունները ապարդյուն են և այսպես շարունակ ․․․»։
Հետևանքներն էլ կրում ենք մենք բոլորս։ Հանրային միջոցները փոշիանում են, քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմոցային տնտեսությունները սնանկանում են։ Գյուղացին ամբողջ տարի ընտանիքով քրտնաջան աշխատում է, իր միջոցներից ծախսեր է կատարում, բերք է ստանում, սակայն չի կարողանում վաճառել, կորցնում է եկամուտները, բնականաբար, չի կարողանում մարել իր վարկը, կորցնում է նաև իր ունեցվածքը։
Հետևանքը պարզ է՝ գյուղացին կա՛մ քրտնաջան աշխատողից և բարիք ստեղծողից դառնում է աղքատ և նպաստառու, կա՛մ արտագաղթում է՝ հույսը վերջնականապես կորցրած։
Ցավոք սրտի այս բանաձևը ունենում է երկարաժամկետ ու անդառնալի հետևանքներ․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է նաև այն հիմնապատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը։ Արտահանման խնդիրների պատճառով այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս կրճատվել է 14,1 տոկոսով։
Իսկ ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած յոթ տարիներին շարունակաբար վատանում է», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրումը: Ըստ ռուսական կողմի ՝ դա կապված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների խմբաքանակներում կարանտինային վնասատուների, մասնավորապես ՝ արևմտյան ծաղկային թրիփսի հայտնաբերման հետ, ինչի մասին ամռան սկզբին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ուղղված պաշտոնական գրությամբ տեղեկացվել է։ Այն ժամանակ ռուսական կողմը խնդրել էր սպառիչ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ, նկատելով, որ 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, եթե միջոցներ չձեռնարկվեն։ Ավելի ուշ հայկական տեսչական մարմինը հաղորդել է, որ ռուսական կողմի հետ աշխատանքի շնորհիվ 7 արտադրողներ ստացել են ռուսական շուկա ծաղիկներ արտահանելու թույլտվություն ։ Սակայն, չնայած այդ հայտարարություններին, ծաղկավաճառները երեկ փակել էին երկրի ճանապարհներից մեկը՝ պահանջելով լուծում տալ առկա խնդիրներին: Այս ֆոնին այսօր տեսչական մարմինը հանդիպում էր կազմակերպել մեկ ամսից ավելի վնաս կրած ծաղիկ արտադրողների հետ։
Ավելին, հուլիսի 14-ին, ըստ "Ռոսսելխոզնադզոր"-ի հաղորդագրության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը "Ռոսսելխոզնադզորի" ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեի հետ քննարկել է բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերը: Քննարկման ընթացքում Շվաբաուսկենեն հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել է ԵԱՏՄ նորմերի պահպանման անհրաժեշտության վրա և նշել, որ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նախկինում պահանջված տեղեկատվությունը: Բացի այդ, ինչպես հաղորդում Է "Ռոսսելխոզնադզոր"-ի մամուլի ծառայությունը, հայկական կողմին խնդրանք է ուղարկվել առաքվող արտադրանքն ուղեկցել ծագման երկրի նշումով մակնշմամբ: