Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, ստորագրվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հիշեցնենք, որ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հեղինակած փաթեթն ընդունվել էր Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում: Օրինագծերի համաձայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ընկերությունների գործունեության լուրջ խախտումների մասին ահազանգեր ստանալու դեպպքում իրավունք կստանա վարույթ հարուցել, որը պետք է հաստատվի ՀԾԿՀ խորհրդի կողմից: Այդ ժամանակահատվածում ՀԾԿՀ-ը կարող է փոխել ընկերության ղեկավարությունը՝ հրավիրելով էներգետիկայի կամ կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ժամանակավոր մենեջերի։ Ժամանակավոր կառավարիչը կաշխատի մինչեւ ուսումնասիրությունների ժամկետի ավարտը, որի արդյունքներով էներգետիկայի ոլորտի ընկերությունները կամ կառաջարկեն խախտումների վերացման գործողությունների ծրագիր, կամ կզրկվեն լիցենզիայից: Վերջին դեպքում սեփականատերերը պետք է վաճառեն ընկերությունները, ընդ որում, կառավարությանը 3 ամսվա ընթացքում կպահպանի գնման արտոնյալ իրավունք։ Եթե սեփականատերը 2 ամսվա ընթացքում հրաժարվում է վաճառքից, ապա վարչական կարգով կարող է նշանակվել բաժնետոմսերի վաճառքի առնչությամբ սակարկություն:
Նշենք, որ փաթեթում ուղղակիորեն չի խոսվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության մասին, թեև բոլորն էլ հասկանում են, որ խոսքը հենց դրա մասին է։
Ավելի վաղ "Տաշիր" ընկերությունների խումբը, որի կազմում է նաեւ "ՀԷՑ" ՓԲԸ-ն, հայտարարություն էր տարածել, որի համաձայն, Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ է սկսել Հայաստանի իշխանությունների հետ, որը նախատեսում է նաև դիմել Միջազգային արբիտրաժ:
Սամվել Կարապետյանի գլխավորած "Տաշիր" ընկերությունների խումբը 2015 թվականի սեպտեմբերին "Ինտեր ՌԱՕ" - ից ձեռք է բերել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն: Ավելի վաղ Սամվել Կարապետյանը նշել էր, որ 2016 թվից ի վեր, երբ "Տաշիր" ընկերությունների խումբը ստանձնեց սեփականության իրավունքը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ում, ընդհանուր առմամբ, ներդրվել է շուրջ 900 մլն դոլար, որից 680 մլն դոլար՝ արդիականացման, և 200 մլն դոլար՝ նոր հզորությունների ստեղծման համար: Ներդրումներն իրականացվել են նաեւ միջազգային ֆինանսական կառույցների վարկային ռեսուրսների հաշվին, ինչը հանգեցրել է ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի գրավադրման:
ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով շուրջ 1 մլն բաժանորդի: