Արմինֆո. Շատ բան կախված կլինի էսկալացման աստիճանից և տևողությունից։ Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով իրանաիսրայելական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար հնարավոր ռիսկերի մասին ԱրմԻնֆո-ի հարցին:
Նախարարի ասելով՝ Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում արտացոլված չեն իրանաիսրայելական հակամարտության սրման հետ կապված ռիսկերը։ Ռիսկային սցենարները դիտարկվել են բյուջետային փաստաթղթում, հավելել է նա։
Մասնավորապես, ինչպես նշել է Հովհաննիսյանը, կառավարությունը դիտարկում է տարբեր սցենարներ, որոնցից ամենաբացասականը տնտեսական աճի դանդաղումն է մինչեւ 1,3 տոկոս՝ ընթացիկ տարվա 5,1 տոկոսի փոխարեն։
«Կան նաեւ երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրականորեն ազդել մեզ վրա: Շատ բան կախված է էսկալացման աստիճանից և տևողությունից։ Ես, պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ երբ 2022 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մենք, ելնելով 2014 թվականի փորձից, անմիջապես սկսեցինք դիտարկել վատագույն սցենարները։ Բայց, բարեբախտաբար, իրական կյանքը մի փոքր այլ ստացվեց, և մենք ունեցանք ավելի շատ դրական զարգացումներ։ Հիմա մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր խնդիրները մնում են նույնը», - ասել է նա:
Ինչպես պարզաբանել է նախարարը, Հայաստանի տնտեսության համար բացասական զարգացումները կարող են կապված լինել լոգիստիկայի, մատակարարումների ժամկետի խախտման եւ ձգձգման հետ, քանի որ լոգիստիկայի մի մասը կապված է Իրանից մատակարարումների հետ: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել ապրանքների թանկացման։
«Էլ չխոսենք այն մասին, որ, եթե իրավիճակը սրվի այնպես, որ միջազգային ներդրողները նույնպես Հայաստանը համարեն ռիսկային միջավայր ներդրումներ ներգրավելու համար, դա կարող է ազդել տոկոսադրույքի վրա: Այլ կերպ ասած՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել, բայց մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը և գործընթացում հասկանանք, թե ինչ կարող ենք անել, եթե կարող ենք՝ հետևանքները մեղմելու նպատակով», - նշել է նախարարը։
Հայաստանի ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության սկզբում Հայաստանի իշխանությունները, հիմնականում, բացասական սցենարներ էին դիտարկում, սակայն պարզվեց, որ իրականությունն այլ է: Դրա համար էլ հիմա դեռ պետք չէ շտապել դատողություններ անել, առավել ևս, որ Իրանի հետ սահմանին անցակետի աշխատանքում դժվարություններ չկան։ Նախարարը հավելել է, որ Հայաստանում կապալառու աշխատանքներ իրականացնող իրանական ընկերությունների աշխատանքում եւս ուշացումներ չեն նկատվում:
Հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները հրատապ քննարկումներ են վարում, հաշվի առնելով, որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին, խնդիրներ կան նաև հայկական մեծ բեռնատարների համար՝ Վրաստանի ուղղությամբ, ինչը, փաստորեն, նշանակում է, որ ՀՀ-ն կարող է բախվել տոտալ շրջափակման խնդրին, Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նման քննարկումներ նախաձեռնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը: Ֆինանսների նախարարը Անվտանգության խորհրդի անդամ չէ, պարզաբանել է նա։ Մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, նման քննարկումներ կանցկացվեն, հավելել է նա։
Ինչ վերաբերում է Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի ճանապարհահատվածի կառուցման հնարավոր ռիսկերին, որի կապալառուն իրանական ընկերություն է, ապա, ինչպես կարծում է նախարարը, հակամարտության սրումը չպետք է ազդի աշխատանքների կատարման վրա, քանի որ այնտեղ հողային աշխատանքներ են իրականացվում:
Նշենք, որ այսօր խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ դժվարություններ ունի և ներմուծման, և արտահանման առնչությամբ, ընդ որում, թե դեպի Իրան, թե նրա տարածքով: "Դրանք գործոններ են, որոնք, գործնականում, մեր կառավարումից դուրս են, բայց հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի, եւ մենք կկարողանանք բեռներ փոխադրել բարեկամ Իրանի տարածքով՝ ինչպես եւ նախկինում", - հայտարարել է նախարարը: