Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը, երկուստեք կարևորվել են ծրագիրն ավարտին հասցնելու համար ներդրված ջանքերը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ լսումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտվել է 80 տոկոսով:
Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրել Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը կառուցող իրանական Sunir ընկերությանը: Ծրագրի կապալառու Sunir ընկերության եւ "Հայաստանի բարձրավոլտ ցանցեր" պետական ձեռնարկության միջեւ դեռևս 2006թ. հուլիսին կնքվել էր պայմանագիր, որի համաձայն, կապալառուն պարտավորվել է կատարել 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի և համապատասխան ենթակայանի համալիր ծավալի նախագծում, մատակարարում, կառուցում, մոնտաժում, փորձարկում և գործարկում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 106 847 237, 51 եվրո: Նախագծի արժեքից 86 447 914 եվրոն ֆինանսավորվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին, իսկ 20 399 323,51 եվրո գումարը ֆինանսավորվում է "Սանիր Ինթերնեշնլ ՖԶԷ" վարկային միջոցների հաշվին: Նախագծի շրջանակում աշխատանքների ավարտման ժամկետ է սահմանվել 2034 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի իրականացումը 350 ՄՎտ-ից մինչև 1200 Մվտ կավելացնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի հոսքերը, կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի անվտանգության, հուսալիության և կայունության մակարդակը, հնարավոր կլինի լիովին օգտագործել Իրան-Հայաստան գազատարի հզորությունը՝ "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" ծրագրի շրջանակում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանն Իրանի հետ իրականացնում է բարտերային գործարք, որի համաձայն, ստանում է իրանական գազ' 1 խմ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո այդ ծավալներն զգալիորեն կավելանան։ Այդուհանդերձ, "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների, որոնք, առաջին հերթին, կապված են օբյեկտի շահագործման հանձնելու ժամկետների հաճախակի հետաձգման հետ: Եթե նախկինում "Իրան - Հայաստան" ԷՀԳ նախագծի ավարտման ժամկետ էր հայտարարվել 2018 թվականի վերջը, ապա 2021 թվականի դեկտեմբերի վերջին պատասխանատու կառույցներն արդեն հայտարարում էին, որ գիծը պատրաստ կլինի մինչև 2024 թվականի վերջը։