Արմինֆո. Դեռ անցած տարվա վերջին տնտեսվարողներից ահազանգ է ստացվել, որ ՀԴՄ սպասարկմամբ զբաղվող ընկերությունները բոլորը միաժամանակ կտրուկ բարձրացրել են սպասարկման վճարները՝ առանց որևէ հիմնավորման: Այդ մասին սոցցանցում գրել է Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
«Նախ նշեմ, որ ՀԴՄ սպասարկմամբ զբաղվող ընկերությունները մասնավոր են, պետական չեն (քանի որ, ինչպես հասկացա, ոչ բոլորը գիտեին այս մասին):
Խնդիրն անմիջապես հասցեագրել եմ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որպեսզի պարզեն՝ ինչով է պայմանավորված սպասարկման վճարների կրկնապատկումը և արդյո՞ք գործ ունենք հակամրցակցային դրսևորումների հետ: ՄՊՀ-ում այս պահին վարույթ է հարուցված: Ընթացքի մասին նաև ԱԺ նիստի ընթացքում եմ հարց ուղղել ՄՊՀ ներկայացուցչին:
Ուզում եմ հավաստիացնել, որ այս և նմանատիպ խնդիրները գտնվում են վարչապետի և մեր ուշադրության կենտրոնում, վերջին անգամ այս ՀԴՄ-ների հարցին անդրադարձ եղել է երկու օր առաջ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման ընթացքում:
ՄՊՀ-ի վարույթը դեռ չի ավարտվել, շուտով կավարտվի, եզրակացությունը կհրապարակվի՝ կհասկանանք ինչի հետ գործ ունենք: Ժամանակից առաջ չընկնեմ, սակայն ընդգծեմ, որ ոչ ոք չի իրավունք չունի գերիշխող դիրքն ու լծակներն օգտագործելով՝ սեփական շահույթը մեծացնելով լրացուցիչ բեռ ստեղծել տնտեսվարողների համար:
Հանձնաժողովն իր գործառույթները կիրականացնի, սակայն դրա հետ զուգահեռ քննարկվում են ՀԴՄ-ների հետ կապված այլ լուծումներ, որոնք կհեշտացնեն տնտեսվարողների կյանքը և կթեթևացնեն բեռը», - գել է Թունյանը: