Արմինֆո. Նախկինում խարդախության զոհ դարձած քաղաքացիների վարկային պարտավորությունների գծով բանկերի կողմից հայտարարված 3-5 տարվա մորատորիումը կերկարաձգվի՝ մինչև յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ դատարանի վճիռը: Այդ մասին հունիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, վկայակոչելով բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։
Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ սառեցվել են 230 հաճախորդների վարկային պարտավորությունները։ ԿԲ ղեկավարի խոսքով՝ լավ նորությունն այն է, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով խարդախության դեպքերը նվազել են՝ կազմելով 408: Նա այդ առնչությամբ պարզաբանել է, որ, կարգավորիչի կոչին համապատասխան, բանկերը որոշակի աշխատանքներ են իրականացրել՝ կապված անձնական տվյալների պաշտպանության հետ։
Բոլոր քեյսերը, ինչպես նշել է Գալստյանը, ուսումնասիրվել են, եւ եթե արդյունքում պարզվել է, որ մեղքը բանկի վրա է՝ այս կամ այն պատճառով, ապա վերջինս անվերապահորեն վերադարձրել է գումարը հաճախորդին:
Հաշիվներից միջոցների գողության մասով, ԿԲ ղեկավարի խոսքով, իրավիճակն ավելի բարդ է։ "Հիմա քննարկումներ են ընթանում, հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս հարցի շուրջ ևս փոխհամաձայնության կհասնենք", - ասել է նա:
Ընդ որում, Մարտին Գալստյանը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել և իրենց անձնական տվյալները չտրամադրել երրորդ անձանց: "Հիմա խարդախության նոր տեսակ են գործում. զանգահարում են, ներկայանում են որպես կապի օպերատոր, ասում են, որ ցանկանում են բարելավել 5G ցանցը։ Հաղորդում են, որ ձեր համարին SMS հաղորդագրություն կգա, և պետք է անցնել հղումով", - պատմել է նա։ Եթե մարդ կատարում այդ գործողությունները, խարդախներն ստանում են նրա կոդերը, այդ թվում ՝ բանկային հավելվածի, և այդ դեպքում, այլևս ոչ ոք ոչինչ չի կարող կանխել: "Եթե վստահ չեք, որ դա բանկի աշխատակից է, ընդհատեք զանգը և ինքներդ հետ զանգահարեք բանկ՝ համոզվելու համար: Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ", -ամփոփել է ԿԲ նախագահը։