Արմինֆո. Տարեկան 7,1 տոկոս չափազանց բարձր տոկոսադրույքով 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխումը խոսում է Հայաստանի տնտեսության վիճակի վատթարացման մասին։ Նման գնահատականով է հանդես եկել տնտեսագետ, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա հաամոզզզմամբ՝ քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է:
«Քաղաքականությունը և քաղաքական գործընթացները անխուսափելի են ցանկացած երկրում, սակայն տվյալ պետության հզորությունը պայմանավորված է առավելապես տնտեսական քաղաքականությամբ և տնտեսական գործընթացներով։
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վերջին ամիսների պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ վիճակը վատթարանում է ։
Մասնավորապես, տնտեսական աճի տեմպը դանդաղում է, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մի քանի տասնյակ տոկոսով, բացակայում են մեծածավալ ներդրումները , տնտեսության իրական հատվածի, այսինքն արդյունաբերության , գյուղատնտեսության և շինարարության տեսակարար կշիռը
համախառն ներքին արդյունքի կառուցվածքում նվազել է այնքան, որքան չի եղել նորանկախ Հայաստանի տնտեսական կենսագրության օրոք։ Եվ այս պայմաններում փոխանակ ակտիվ իրականացվի տնտեսական ազատությունների և ներդրումների համատարած խթանման քաղաքականություն, կտրուկ մեծանում է ֆինանսական և հարկային ճնշումը բիզնեսի և քաղաքացիների ուսերին։
Շրջանառության հարկին, գույքահարկին, աղբահանության վճարներին, եկամտային հարկի հայտարարագրմանը ավելանում է ևս մեկ ճնշման միջոց։ Խոսքը վերաբերվում է «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներում այնպիսի մի փոփոխության, համաձայն որի, ասուհետ եթե որևէ բիզնեսի կամ քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական ակտ, ասենք նրանց տուգանելով, օրինակ 100 հազար, 1 մլն, կամ 100 մլն․ դրամ և ավելի գումար, ապա իհարկե, դուք կարող եք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մինչ այդ, պարտադիր տույժը կամ տուգանքը պետք է վճարվի։ Հետագա տարիներին, կախված դատարանի վճռից, այդ գումարը ետ կստանան կամ ոչ։
Հետաքրքիր է, որքա՞ն են կազմում այդ տիպի գումարները ամբողջական և տարեկան։ Կարծում եմ միլիարդավոր դրամներ։
Եվ երբ դրանք դուրս են մղվում տնտեսական շրջանառությունից, պետությունը և հասարակությունը շահու՞մ են, թե՞ տուժում։
Եթե կա պետական բյուջեն ամեն գնով և ուժով լցնելու մտադրություն, թող ասեն, եթե ոչ, ապա մեր ժողովուրդը կշարունակի ուղղակի աղքատանալ։
Իսկապես,այս ամենը անհասկանալի է ։
Եվ վերջում, 750 մլն դոլար կազմող եվրապարտատոմսերի 7.1 գերբարձր տոկոսով տեղաբաշխումն իսկապես խոսում է ֆինանսական գերպակասորդի մասին», - գրել է Միքայել Մելքումյանը՝ սոցցանցում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր ՝ 10 տարի մարման ժամկետով (մարման օրը ՝ 2035 թվականի մարտի 12) ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 7.1%, արժեկտրոնային եկամտաբերությունը' 6.75% (տեղաբաշխման արժեքը' 97.524%): Ինչպես նշվել է Ֆինանսների նախարարության կայքում, դա կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է, որը նախատեսված էր "2025 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում։ Եվրապարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը կուղղվեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (609 մլրդ դրամ-խմբ.):