Արմինֆո. Եվրապարտատոմսերի վերջին՝ հինգերորդ թողարկումը Հայաստանի վրա նախորդներից ավելի թանկ է նստել։ Այդ կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը հիշեցրել է, որ Հայաստանի ֆինանսական պատմության ընթացքում առաջին անգամ եվրոբոնդեր(եվրոպարտատոմսեր) թողարկվել են 2013 թվականին` 500 մլն դոլարի չափով, և այդ գումարը, հիմնականում, ուղղվել է ռուսական միջպետական պարտքի մարմանը: Հետագայում այս իշխանությունները մի քանի անգամ նույնպես թողարկել են եվրոբոնդեր՝ նախորդ բոնդերը փակելու և լրացուցիչ պարտք վերցնելու նպատակով:
«Հատկանշական է, որ նախորդ բոնդերը ավելի ցածր տոկոսով են եղել, քան 2025 թվականի մարտի 5-ին թողարկածը`7.1% եկամտաբերությամբ: Չնայած բարձր տոկոսադրույքներին` անպատասխանատու, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել, քանի որ ի տարբերությունների միջազգային վարկերի, որոնք պետք է ծախսվեն կոնկրետ նպատակով և միջազգային վերահսկողության պայմաններում, պարտատոմսերով հավաքագրված գումարները կարելի է ծախսել ցանկացած նպատակով` ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից սկսած մինչև.....», - գրել է Պարսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր ՝ 10 տարի մարման ժամկետով (մարման օրը ՝ 2035 թվականի մարտի 12) ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 7.1%, արժեկտրոնային եկամտաբերությունը' 6.75% (տեղաբաշխման արժեքը' 97.524%): Ինչպես նշվել է Ֆինանսների նախարարության կայքում, դա կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է, որը նախատեսված էր "2025 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում։ Եվրապարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը կուղղվեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (609 մլրդ դրամ-խմբ.):
Հիշեցնենք նաեւ, որ հայկական եվրաբոնդերի դեբյուտային թողարկումը կայացել է 2013թ. սեպտեմբերի 19-ին՝ 700 մլն դոլար ծավալով, 7 տարի շրջանառության ժամկետով ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը: Տեղաբաշխման ժամանակ եկամտաբերությունը կազմել է 6,25%: Դրանցով կառավարությունը ժամկետից շուտ մարել է Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի կայունացման վարկը։ Հիմնական տեղաբաշխողներն էին Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc-ն և J. P. Morgan Securities plc-ն: 10 տարի շրջանառության ժամկետով և 7,5% եկամտաբերությամբ 500 մլն դոլար ծավալով սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշը Հայաստանը թողարկել է 2015 թվականի մարտի 19-ին: Եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումից ստացված մուտքերը կազմել են 488 մլն դոլար։ Այդ պարտատոմսերի իրացումից ստացված գումարի մի մասը՝ 199.9 մլն դոլարի չափով, ուղղվել է եվրապարտատոմսերի առաջին թողարկման հետգնմանը ՝ մարելով 2020 թվականին։ Արտարժույթով սուվերեն պարտատոմսերի երրորդ տրանշը՝ 500 մլն դոլար ծավալով, 3,95% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 10 տարի շրջանառության ժամկետով, Հայաստանը թողարկել է 2019 թվականի սեպտեմբերի 19-ին: 2019թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած 3-րդ տրանշի տեղաբաշխումից ստացվել է 489.9 մլն դոլար, և միաժամանակ, տեղի է ունեցել 1-ին թողարկման արտարժութային պարտատոմսերի 402.4 մլն դոլարի մասնակի հետգնում, որի դիմաց վճարվել է 427.9 մլն դոլար (ներառյալ արժեկտրոնների գումարը): 3-րդ թողարկման հայկական եվրապարտատոմսերի հիմնական տեղաբաշխողներն են եղել J. P. Morgan Securities plc-ը եւ City bank-ը: Ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղական ներդրողներին հասանելի դարձնելու նպատակով 3-րդ թողարկման հայկական սուվերեն եվրաբոնդերը սկսել են ցուցակվել նոյեմբերից Հայաստանի ֆոնդային բորսայում՝ AMX: Տեղական ներդրողների հասանելիությունը հայկական եվրաբոնդերին բացվել է գործընկերոջ հետ՝ ի դեմս Clearstream Banking Luxemburg-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) ակտիվ համագործակցության շնորհիվ: Մինչև 2024թ. դեկտեմբերի վերջ Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 997 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 12 մլրդ 842.2 մլն դոլարի (2023 թվականի վերջի 11 մլրդ 845.4 մլն դոլարից)։ Դրամային համարժեքով ցուցանիշը 4 տրլն 794.9 մլրդ-ից հասել է 5 տրլն 092.7 մլրդ-ի: