Արմինֆո. "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ը (ԶՊՄԿ) հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։
Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաև արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար։
Ընկերությունը աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր և հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաև մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար և համալիր լուծումներ», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ է հայտարարել և պահանջում են աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում: "ԶՊՄԿ" ՓԲԸ - ում այդ պահանջները գնահատել են անիրատեսական, իսկ գործադուլավորների գործողությունները՝ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներից դուրս:
Նշենք, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը": Ձեռնարկությունը 2024 թվականի համար պետական գանձարան է ուղղել շուրջ 102 մլրդ դրամ (տարեկան 44% աճով), որից 2,2 մլրդ դրամը ՝ մաքսատուրքեր, 30,2 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկեր (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 2,7 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկեր (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջից տեղեկացրել էր, որ ԶՊՄԿ-ն որպես կառավարության շահաբաժին պետական բյուջե է փոխանցել 33 միլիարդ 249 միլիոն դրամ: "Ուշադրություն դարձրեք, սա գումարած վճարված հարկերը որպես շահույթի մասնաբաժին, որովհետև 2021 թվականից կառավարությունը ԶՊՄԿ - ի բաժնետեր է, ինչպես խոստացել էի", - նշում էր վարչապետը:
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։