Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ն ամեն օր իրականացվել են դոլարային և, միայն մեկ անգամ, ռուբլով գործարքներ: Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարային գործարքների բարձր ակտիվությունը կտրուկ արագացրել է աճի տեմպերը՝ 53%-ից մինչև 10 անգամ, իսկ ռուբլով գործարքների միտումը, չորս օր դրանց բացակայության և միայն ուրբաթ օրը համեստ ծավալի առաջացման պատճառով, ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 87,3% անկում: Արդյունքում՝ կրկին գերիշխել են դոլարային գործարքները, որոնց ընդհանուր շաբաթական ծավալը 58 անգամ գերազանցել է ռուբլով գործարքների ծավալը։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (09-13.12.24--ին' 02-06.12. 24-ի համեմատ) դոլարի առքի միտումը ծավալվել է դեպի անկում՝ վաճառքի աճի պայմաններում, եվրոյի առքուվաճառքի միտումը ծավալվել է անկումից դեպի աճ, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում։
Արդյունքում՝ ս.թ. դեկտեմբերի 9-13-ը դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 396-ից մինչև 395 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 420,5 - ից մինչև 416 դրամ/1եվրո' արժևորման միտում դրսեւորելով նաև ռուբլու նկատմամբ' 3,93-ից մինչև 3,78 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ դեկտեմբերի 13 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 405,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 436,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,49 դրամ/1ռուբլլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։