Արմինֆո. 2023 թվականին ՀՆԱ կառուցվածքում շինարարությանը բաժին է ընկել 15,2%, եթե ավելացնենք նաև հարակից ոլորտների ազդեցությունը, ապա խոսքը 21-22% մասնաբաժնի մասին է ։ Այդ մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
<Հաշվի առնելով, որ շինարարության հատվածին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 1/5-ը, ապա կարելի է ասել, որ տնտեսական աճի լոկոմոտիվը մեր ոլորտն է։ Եվ հետագա աճ ապահովելու համար կարևոր է նոր գործիքների ներդրումը>, - նշել է նա ։
Գրիգորյանն ընդգծել է, որ այդ ամենով հանդերձ, ոլորտի խնդիրները բազմաթիվ են։ Առաջին հերթին այդ առումով նա նշել է կառուցապատողների համար հանրային ծառայություններին միացման սակագները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա), որոնք աճել են տասնյակ անգամ։ Այնուհետև նա նշել է պետական և համայնքային իշխանությունների կողմից վարչարարության գործընթացների ժամկետների ձգձգումը, անընդհատ փոփոխվող իրավական կարգավորումները: "Անընդհատ փոփոխվող ակտերը, կանոնակարգերը և օրենքները հանգեցնում են ներդրումային միջավայրում անկայուն հարաբերությունների, ինչը բացասական ազդեցություն ունի ներդրումային գրավչության համատեքստում", - ասել է նա:
Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝ ասոցիացիայի նախագահը նշել է, որ վերջին տարիներին շինարարության ինքնարժեքը բարձրանում է, ինչը, մի կողմից, պայմանավորված է միջազգային շուկայում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից ՝ պետության վարած քաղաքականությամբ: Մասնավորապես, նա նշել է ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինարարության թույլտվությունների համար տեղական վճարների եւ տուրքերի բազմակի աճը ։ Որպես օրինակ ՝ փորձագետը նշել է, որ Արաբկիր վարչական շրջանում 14 հարկանի շենքի համար տեղական տուրքը կառուցապատողի վրա կարող է նստել 50-60 մլն դրամ։
Այդ առնչությամբ նա նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ անշարժ գույքի գները կնվազեն ։ <Մեր պատկերացմամբ՝ գների էական տեղաշարժ չի նախատեսվում։ Քանի որ, ինչպես նշեցի, աշխատանքների ինքնարժեքը կբարձրանա>, - ընդգծել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը ։