Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC («National Skill Development Corporation») International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկայացվել է NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հաղորդել էր, որ 2023 թվականի հունվարից Հնդկաստանից Հայաստան է ժամանել, ընդհանուր առմամբ, շուրջ 16 հազար աշխատանքային միգրանտ։ Հնդկաստանի քաղաքացիները մեր երկրում եկամուտներ են գտնում, հիմնականում, սպասարկման (առաքում, տաքսի) և շինարարության ոլորտում: Հատկանշական է, որ վերջին հաշվետու ժամանակահատվածի (2024թ. հունվար-սեպտեմբեր) վիճակագրական տվյալներում տեղեկություններ չկան, թե Հայաստանում Հնդկաստանի քանի քաղաքացի է հաշվառվել։
Միևնույն ժամանակ, նշենք, որ տարեկան միջին հաշվով Հայաստանից Ռուսաստան է մեկնում ավելի քան 300 հազար մարդ՝ վաստակելու նպատակով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 15,5%, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում գործազրկության ցուցանիշը փոքր - ինչ ցածր էր՝ 13,7%։ Դրան զուգընթաց, համապատասխանաբար, նվազել է նաև զբաղվածության մակարդակը երկրում ՝ 2023թ. առաջին եռամսյակի 50,9%-ից մինչեւ 48,7%՝ հաշվետու ժամանակահատվածում։