Արմինֆո.«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 3-ին այցելել են «Հին Արենի» գործարան, ծանոթացել տարածաշրջանի գինեգործության պատմական ավանդույթներին և խաղողի տեղական տեսակներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, մասնակիցներն այցելել են նաև Արենի-1 քարանձավ՝ աշխարհի ամենավաղ հայտնի գինեգործարան, որից հետո պատմական նշանակությամբ 13-րդ դարի կառույց՝ Նորավանք։
«Նոա» խաղողի այգում մասնակիցները ներկա են եղել «Գինին փոփոխվող աշխարհում. նորարարական խաղողագործությունը և գինեգործությունը՝ կլիմայական մարտահրավերների դեմ պայքարելու և համաշխարհային պահանջարկն ակտիվացնելու համար» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է InVIno-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի գինեգործության ապագայի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ "Ամերիկյան պետությունների մրցունակության Փոխանակում" ծրագիրը տնտեսական զարգացման, նորարարության և ձեռներեցության ոլորտում Ամերիկայի կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները: ACE ծրագիրը միավորում է անդամ և դիտորդ երկրների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:
Հայաստանում ծրագրի մեկնարկի նպատակն է նպաստել մասնակից երկրների և Հայաստանի միջև երկխոսությանը և համագործակցությանը ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այնպիսի հատվածների, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, էներգիայի վերականգնվող աղբյուրները, STEM կրթությունը և գինեգործությունը:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ս. թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գինու արտադրության ծավալները նվազել են 39,3%-ով' կազմելով 5,1 մլն լիտր: