Արմինֆո.ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունը 2023 թվականին զգալիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին տնտեսության վրա փոխանցումների ազդեցության տեսանկյունից տնտեսական էֆեկտը շարունակաբար թուլացել է։ "Եթե 10 և ավելի տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 18%, ապա այժմ այն 8%-ից ցածր է", - հստակեցրել է ԿԲ ղեկավարը:
Այդ ամենի վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես պարզաբանել է Մարտին Գալստյանը, դա, առաջին հերթին, պայմանավորված է այն բանով, որ էապես նվազել է դրամով եւ ռուբլով արտահայտված աշխատավարձերի տարբերությունը, մասնավորապես, շինարարության ոլորտում, որտեղ, հիմնականում, ներգրավված են մեր հայրենակիցները: Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանի աշխատանքային միգրանտների մոտ 80 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնում է Ռուսաստան։ Այսպիսով, Ռուսաստանում աշխատանքի գրավչությունը բավականին նվազել է հայ աշխատավորների համար։
Նա գործոնների թվին է դասել նաև այն էական դրամական հոսքերը, որոնք Հայաստան էին գալիս 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այստեղ էին լցվել ռելոկանտները ՝ տեղափոխելով կապիտալն ու բիզնեսը ։ "Եվ այս դեպքում վիճակագրորեն դասակարգել՝ դրանք զուտ դրամական փոխանցումներ են, թե՝ ոչ, կամ՝ ինչ բնույթի են, բավականին դժվար է։ Պարզապես, մենք տեսանք, որ 2022 թվականին արձանագրված պիկերը որոշակի առումով հաղթահարված են, և հիմա նկատվում է մոտեցում բնական վիճակին", - ասել է նա։
ԿԲ-ի տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականին կրճատվել է 36% - ով՝ բացարձակ թվերով 2.6 մլրդ դոլարից նվազելով մինչև 1.7 մլրդ դոլար։ Մինչդեռ, 2022 թվականին այդ ցուցանիշն աննախադեպ աճ է գրանցել՝ 3 անգամ։ 2023 թվականին զուտ ներհոսքի աճի տեմպերի հիմնական անկումը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 6,8 անգամ մինչեւ 5,1%, իսկ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի անկումն արագացել է 12,3%-ից մինչեւ 42,2%։
Մասնավորապես, 2023 թվականին փոխանցումների ներհոսքի աճը դանդաղել է 2,5 անգամից մինչև 9,7% ՝ կազմելով 5,7 մլրդ դոլար։ Նույնը՝ պակաս արտահայտված ձևով, դիտվել է նաև փոխանցումների արտահոսքի դեպքում, որի աճը 2,1 անգամից հասել է 55% - ի՝ բացարձակ արտահայտությամբ գերազանցելով 4 մլրդ դոլարը։ Ընդ որում, դրամական փոխանցումների ներհոսքում աճի ուժեղ արգելակում է դիտվել Ռուսաստանից փոխանցումների դեպքում՝ 4,2 անգամից մինչև 9,7%, որը կազմել է 3.9 միլիարդ դոլար: