Արմինֆո. Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։
էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա:
«Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան, որի համար առկա է անհրաժեշտ ներուժ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում Արգենտինայի ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է 835.5 մլն դրամ, որն ամբողջ ծավալով ուղղվել է բուսաբուծության, անասնապահության, որսի և հարակից ծառայությունների ոլորտներին ։ Ամբողջ ծավալը բաժին է ընկել ՕՈՒՆ-ի զուտ հոսքին։ 2022 թվականին Արգենտինայից Հայաստան ընդհանուր ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական (- 10.3 մլրդ դրամ)։
ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Արգենտինայից Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը տարեկան կտրվածքով կրճատվել է 66,6% - ով ՝ կազմելով 1.3 մլն դոլար: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների մաքսային արժեքը տարեկան կտրվածքով կրճատվել է մի քանի անգամ՝ 18.9 հազար դոլարից մինչեւ 400 դոլար: