Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև առանձնակի ընդգծվել հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում համաձայնագիր էր ստորագրվել հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին: Հանրապետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը հիմնադրամի խորհուրդը կայացրել էր մայիսի 7-ին: Միջոցները կուղղվեն 2024 թվականի բյուջեի աջակցությանը և կտրամադրվեն ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում: Ծրագիրը նախատեսում է միջոցառումների իրականացում տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման ուղղությամբ:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: ԿԶԵՀ-ի նպատակներն են աջակցությունը հիմնադրամի մասնակից պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև՝ դրանց կայուն զարգացմանը: