Արմինֆո. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Ինչպես ասվում է «ԻՆԳՈ» ԱԸ պաշտոնական հաղորդագրությունում, նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: «ԻՆԳՈ»-ի առաքելությունն է մեղմել ռիսկերը և ապահովել հաճախորդների՝ վստահ որոշումներ կայացնելու ազատությունը», - նշվում է հաղորդագրությունում:
«ԻՆԳՈ»-ի զարգացման առաջնահերթ ուղղություններից է բանկային ապահովագրությունը (bancassurance): Ընկերության կողմից մշակված նորարարական բանկային ապահովագրական պրոդուկտները թույլ են տալիս հաճախորդներին ստանալ պաշտպանություն վարկային, գործառնական և այլ ռիսկերից, որոնք առնչվում են բանկային պրոդուկտների հետ:
Ընկերությունը արմատական փոփոխություններ է իրականացրել հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հատուցումների ստացման գործընթացի պարզեցման ուղղությամբ՝ յուրաքանչյուր հաճախորդին ապահովելով պարզ և հասանելի ապահովագրական ծառայություններով:
Սա նշանակալի առաջընթաց է նոր գործադիր տնօրենի՝ Ռաֆիկ Սուվարյանի ղեկավարությամբ, ով միացել է ընկերությանը 2023 թվականի նոյեմբեր ամսին: «Մենք ձգտում ենք ստեղծել նոր շուկա և նոր ապահովագրական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն վստահ և պաշտպանված է զգում։ Մեր նպատակն է փոխել ապահովագրության ընկալումը` դարձնելով այն պարզ, հուսալի և հասանելի բոլորի համար:»,- նշում է Սուվարյանը:
Ընկերությունը տասնամյակներ շարունակ կարևորագույն դեր է կատարել Հայաստանի ապահովագարական շուկայի զարգացման գործում և այժմ ներդնում է իր փորձը՝ նորարարական ապահովագրական լուծումների մշակման համար: 2023 թվականի տվյալներով ընկերությունը շուկայում առաջատար է ճամփորդության, առողջության, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակներով: 2023 թվականի տվյալներով «ԻՆԳՈ»-ում սպասարկվել է 250 հազարից ավել հաճախորդ, հատուցում է տրամադրվել շուրջ 10 մլրդ. դրամի չափով, իսկ ընկերության ակտիվները կազմել են գրեթե 20 մլրդ. դրամ: 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ընկերությունն ամրապնդում է իր դիրքերը շուկայում և արդեն նոր ապրանքային նշանի ներքո շարունակում է զարգացման, նորարարության և ծառայությունների կատարելագործման իր ուղին:
Նշենք, որ "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերությունը Հայաստանում գործում է 1997թ. սեպտեմբերից: 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության բաժնետերերն են "Ինվեստ-Պոլիս" ՓԲԸ-ն ՝ 75% բաժնեմասով, որի սեփականատերն է ռուսական "Ինգոսստրախ" ԲԲԸ-ն, և Լևոն Ալթունյանը ՝ 25% բաժնեմասով ։ "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերությունը լիցենզավորված է ապահովագրության 16 դասերով և հանդիսանում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն իրականացնող երեք ընկերություններից մեկը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին արևմտյան պատժամիջոցների ցուցակներում հայտնվել են հայկական որոշ ապահովագրական ընկերությունների ռուսական մայր կառույցները։ Դրա հետեւանքով շուկայում սկսվել է վերակազմակերպման գործընթաց. նախկին ՌԵՍՈ և Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունները դիմել են ռեբրենդինգի և բաժնետիրական կապիտալի կառուցվածքի փոփոխության՝ վերագրանցվելով ՌԵԳՈ Ինշուրանս և ԼԻԳԱ Ինշուրանս:
Վերակազմավորման մի փոքր այլ ճանապարհ է անցել ռուսական Ինգոսստրախ ընկերության վերոնշյալ հայկական դուստրը, որից աճել է <Էֆես> ապահովագրական ընկերությունը: Ըստ երեւույթին, այս երկու, այսպես թե այնպես, փոխկապակցված ընկերություններն իրենց շուկան, հիմնականում, կբաժանեն բանկային պրոդուկտների ապահովագրության հատվածի (ԻՆԳՈ) և առողջության ապահովագրության (Էֆես) հատվածի: